Ժիրինովսկին առաջարկել է «Մառա Բաղդասարյանի պես խուլիգան վարորդներին» արտաքսել Մոսկվայից


Ժիրինովսկին առաջարկել է «Մառա Բաղդասարյանի պես խուլիգան վարորդներին» արտաքսել Մոսկվայից
Հունվար 18 13:08 2017

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ЛДПР) ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է առգրավել խուլիգան վարորդների մեքենաներն ու նրանց արտաքսել Մոսկվայից:

«Մոսկվայի կենտրոնով հետընթաց մեքենա է գնում: Սա Մոսկվան է, և նման բաներն անթույլատրելի են: Պետք է մեքենայի առգրավում ու Մոսկվայից 5 տարով արտաքսում սահմանել»,-մեջբերում է moslenta.ru-ն քաղաքական գործչի խոսքերը:

Իր խոսքում լիբերալ-դեմոկրատների առաջնորդն անդրադարձել է «սթրիթռեյսեր» Մառա Բաղդասարյանի հետ կապված միջադեպերին:

«Նրանց չի անհանգստացնում վարչական կալանքը, վարորդական իրավունքից զրկվելը, մեքենայի առգրավումը՝ նորը կգնեն, 15 օրով կալանավորվելը նրանց ևս չի մտահոգում: Իսկ այ Մոսկվայից արտաքսվելը նրանց համար ամենավատ պատիժն է»,-կարծիք է հայտնել Ժիրինովսկին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ժիրինովսկին նման առաջարկով էր հանդես եկել նաև նախկինում:

Մոսկվայի փողոցներում Mercedes-Benz Gelandewagen մակնիշի մեքենայով մրցավազքերի մասնակցող Մառա Բաղդասարյանի հայրը կշտամբել է դստերը դատարանի դահլիճում:

«Ոստիկանություն, կալանքներ, դատավարություններ… Սա երբևէ կավարտվի՞»,-աղջկանից ցանկացել է պարզել Էլմար Բաղդասարյանը: Նա հայտարարել է, որ հոգնել է դստեր վարքից, և խոստացել է նրան այլ քաղաք ուղարկել, եթե նա չուղղվի:

Հայտնի է, որ հունվարի 17-ին քննվել է Մառայի ձերբակալության մասին բողոքը: Նրան 15 օրով կալանավորել էին հունվարի 12-ին`հարկադիր աշխատանքներից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ Մառան պետք է բակային հավաքարարի 595-ժամյա աշխատանք կատարեր Մոսկվայի բակերից մեկում: Այդ պատիժը սահմանվել էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և տուգանքները չվճարելու համար:



loading...