Դինքի սպանության հետ կապված բոլոր մանրամասները ջրի երես են հանվել դեպքից 3-5 օր անց. կասկածյալ


Դինքի սպանության հետ կապված բոլոր մանրամասները ջրի երես են հանվել դեպքից 3-5 օր անց. կասկածյալ
Հունվար 18 13:02 2017

ոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նախօրեին կայացած դատական նիստի ընթացքում կրկին պաշտպանական ճառով հանդես է եկել կասկածյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը:

Ինչպես գրում է demokrathaber.org կայքը՝ Յըլմազերը կրկին չի ընդունել իր մեղքը և պնդել է, որ Դինքի սպանության հետ կապված իրենից պահանջվող բոլոր փաստաթղթերը նա հանձնել է համապատասխան մարմիններին՝ բացի հեռախոսազրույցների վերծանումներից:

«Դա էլ չտրամադրեցի, քանի որ դրանք ինձնից պահանջելն ու իմ կողմից դրանք հանձնելն օրինական տեսանկյունից սխալ էր: Մնացած ամեն փաստաթուղթ, որ ինձնից պահանջվել է, ես հանձնել եմ: Այս սպանության հետ կապված բոլոր մանրամասները ջրի երես են հանվել դեպքից 3-5 օր անց», - նշել է Յըլմազերը՝ շեշտելով, որ դատարանը պետք է ձերբակալի ոչ թե իրեն, այլ իրեն այդ պաշտոնում նշանակած ներքին գործերի նախարարին:

Ի դեպ, Յըլմազերը ժամանակին համարվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի վստահված կադրերից մեկը և ըստ որոշ խոսակցությունների՝ Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի պետ է նշանակվել Էրդողանի անմիջական միջամտությամբ:

Նշենք, որ այժմ Յըլմազերը կասկածվում է Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիմզեթ» շարժման անդամ լինելու համար և ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած հետաքննության շրջանակում:

Նախորդ նիստի ընթացքում պաշտպանական ճառի ժամանակ Յըլմազերը նաև հայտարարել էր, որ Դինքի սպանության գործը որևէ կապ չունի գյուլենականների հետ, և հաստատել այն տեսակետը, որ Դինքի սպանության հետևում կանգնած է «Էրգենեկոն» ծայրահեղական ահաբեկչական գաղտնի խումբը, որի ղեկավարներից է ազգայնական գործիչ Վելի Քյուչյուքը:
«Պետությունը չպաշտպանեց Դինքին: Ամեն ինչ ի հայտ եկավ գյուլենականների հետ կապված դատավարությունների ընթացքում: Հիմա էլ գյուլենական դարձան: Վելի Քյուչյուքի մարդիկ երբվանի՞ց են գյուլենական դարձել», - հայտարարել է Յըլմազերը՝ հավելելով, որ իր պաշտոնավարման ընթացքում «Էրգենեկոնի» հետ կապված հետաքննության շուրջ պարբերաբար կապ է պահպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով այդ ժամանակաշրջանում զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:



loading...