Արյուն տալով՝ երկար ճանապարհ չունենք գնալու. Մանվել Գրիգորյան


Արյուն տալով՝ երկար ճանապարհ չունենք գնալու. Մանվել Գրիգորյան
Ապրիլ 30 22:39 2017

Բոլորս պետք է զգաստանանք, արյուն տալով՝ երկար ճանապարհ չունենք գնալու, այսօր այնքան քանակը չի խոսում, որքան որակն ու տեխնիկան: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին:

Նա նշեց՝ սահմանը լարված է 89թ-ից՝ տարբեր ժամանակահատվածներում տարբեր քանակությամբ և չափերի զենքերով են կրակում. «Կարելի է ասել, որ տենց շաբաթ չկա, որ մի հայ զինվոր չզոհվի կամ չհաշմանդամանա։ Սա մեր երկրի, պետության, բոլորի խնդիրն է, եթե մենք ուժեղ, միասնական չլինենք, մեր երկրի բանակը չհզորանա, կամաց, արյուն տալով, երկար ճանապարհ չունենք գնալու»:

Մանվել Գրիգորյանի խոսքով՝ անկախ նրանից, թե հակառակորդն ինչպիսի պատասխան է ստանում, միևնույն է՝ արյուն թափելիս կողմերը չեն շահում. «Մենք հակառակորդին մեկին տասը պատասխան ենք տալիս, բայց մեկին քսան էլ տանք, մենք ենք տուժում։ Ոչ մի պատերազմ, ոչ մի զոհ լավ բանի չի բերում՝ որբանում ա մի երեխա, մայրը տղա է կորցնում: Կան ներքին խնդիրներ, որոնց մասին խոսելիս պետք է չափը չանցնել, հատկապես, երբ խնդիրը բանակին է վերաբերում: Տան մեջ ոնց ա, եթե մարդ ու կին չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, իրավունք չունեն բարձրաձայնել հարևանին։ Շատ թեմաներ կան, որոնք որ իրոք վիճելի են, քննարկելի են։ Վատ բաներ էլ են կատարվում, բայց դա մեր ներքին, մեր երկրի, ընտանիքի խնդիրն է»,- նկատեց նա:

Գեներալն անդրադարնալով ազգ-բանակ գաղափարախոսությանը նծեց, որ գաղափարը նոր չէ. «Հիմա ավելի շատ ենք բարձրաձայնում, բայց մենք 89 թ-ից ենք արել. ազգը հելավ, կանգնավ ոտի ազգից ստեղծվեց բանակ։ Ոնցոր մոմը և մոմակալը, ուզում են ավելի կանոնակարգեն, նոր ձևաչափերի մեջ մտցեն, տեխնիկապես հզորացնեն , չհասկացողներին հասկացնեն, որ էսօրվա էս երեխան կամ զինվորը ոչ թե միայն ինչ-որ մեկինն է, այլ բոլորինս։ Որոշ բաներ կան, որ պիտի արվի, բացատրվի, թե չէ մեր ազգը ոտքի է կանգնել, անկախություն ձեռք բերել, և այդ ազգից բանակն ա ստեղծվել : Մեր երեխան առջնագծում այսօր հերթապահում ա, բայց պատերազմի ժամանակ ազգն ա պատերազմում։ Հայ ժողովուրդը կռվող զինվորին պետք է ամեն ինչով օգնի»:

Դիտարկմանը՝շատերի կարծիքով ազգ-բանակ գաղափարախոսությամբ ծրագրերը չեն կարող կյանքի կոչվել, որովհետև բանակում կոռուպցիան արմատախիլ չի արվել, Մանվել Գրիգորյանը պատասխանեց.

«Ով որ ընտենց բան է խոսում, ուրեմն ինքն իրան չի հավատում։ Սխալ ես էլ եմ անում, դու էլ ես անում, բայց պտի մտածես՝ ոնց անես, որ ուղղես։ Ով որ ասում է՝ չի լինում, ուրեմն ինքն իրա մեջ չի գտնում ուժ, որ շտկի, կամ աջակցի որ սխալը հասկանա, ոչ թե ասեն՝ չի լինում։ Երկաթե չէ՝ էսօր էլ չուղղվի, վաղը կուղղվի, ինչ տեսնում ենք, 25 տարի առաջ դրա մի տոկոսի մասին անգամ գաղափար չունեինք»,- ընդգծեց նա: