Դուք Ավանի ձեր քուչի տրամագծից դուրս Երևանը չգիտեք. Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանին


Դուք Ավանի ձեր քուչի տրամագծից դուրս Երևանը չգիտեք. Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանին
Ապրիլ 30 21:16 2017

Այս քարոզարշավի ընթացքում մենք կարողացան մեր օրակարգը պարտադրել ՀՀԿ-ին: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանց թվում էր, թե իրենց քարոզարշավն անցելու է ծափ-ծլնգոցով, զուռնա-դհոլով, բայց այսօր ստիպված են խոսել քաղաքական օրակարգի, քաղաքային օրակարգի մասին, եւ խոստովանել, որ ձախողել են քաղաքի կառավարումը։ Տարոն Մարգարյանը, չդիմանալով առերեսմանը, երեկ, թե առաջին օրը հայտարարել է, որ այո՛, Երեւանի տրանսպորտային համակարգը ճգնաժամային վիճակում է, որ այո՛, Երևանի վերելակները մաշված ու աղետալի վիճակում են։ Բա ինչո՞վ եք զբաղված եղել 8-10 տարի»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարել է, որ 2011-2015 թթ.  Երևանի բյուջեից վերելակային տնտեսության սպասարկման համար ծախսվել է բավականին մեծ գումար. «Բայց տեսեք, երբ համեմատում ենք, այդ նույն ժամանակաշրջանում Ավանում մեկ վերելակի հաշվարկով ծախսվել է 620 000 դրամ, իսկ Շենգավիթում այդ նույն ժամանակահատվածում ամեն մի վերելակի հաշվարկով ծախսվել է 1400 դրամ։ Բա, Տարոն Մարգարյան, Ավանը Երևան է, Շենգավիթը Երևան չի՞։ Նույն վիճակն է նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Կենտրոնում, Քանաքեռ-Զեյթունում, որտեղ ամեն մի վերելակի համար 30 անգամ ավելի քիչ գումար է ծախսվել, քան Ավանում։ Բա Կենտրոնը Երևան չի, Ավանը Երևա՞ն է։ Ու դրանից հետո դուք եք ասում, որ երևանցի՞ եք։ Դուք ոչ միայն երևանցի չեք, այլև ավանցի չեք։ Դուք Ավանի ձեր քուչի տրամագծից դուրս Երևանը չգիտեք։ Ես Երևան քաղաքը գիտեմ բակ առ բակ։ Տարոն Մարգարյանի համար Երևան քաղաքն իրենց բիսեդկայի շրջակայքն է և այն, ինչ կարող է երևալ «Մերսեդես 600»-ի պատուհանից»։