«ԵԼՔ»-ում Զարուհի Փոստանջյանից նեղվածություն չկա. Մանե Թանդիլյան


«ԵԼՔ»-ում Զարուհի Փոստանջյանից նեղվածություն չկա. Մանե Թանդիլյան
Ապրիլ 30 20:50 2017

«ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ունի տեսլական, թե ինչպիսին պետք է լինի համայն հայության քաղաքամայր Երևանը: Եվ այս տեսլականը իրողություն դարձնելու համար ունի կամք, սկզբունքայնություն և նվիրում, ինչը կարևորագույն բաղադրիչ է արդյունքի հասնելու համար: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասել է «ԵԼՔ» դաշինքի անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Մանե Թանդիլյանը:

«Նիկոլ Փաշինյանը այն քաղաքական գործիչն է, ում ուղիղ և անկաշկանդ խոսքն ու քննադատությունը քաղաքականություն են բերել բազմաթիվ երիտասարդ, բանիմաց նոր գործիչներ, որոնց համար Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր քաղաքական գործչի վառ կերպար է: Սա արդեն իսկ խոսում է նրա բնատուր առաջնորդության մասին, որը անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնելու համար: Նիկոլը ունի տեսլական, թե ինչպիսին պետք է լինի համայն հայության քաղաքամայր Երևանը: Եվ այս տեսլականը իրողություն դարձնելու համար ունի կամք, սկզբունքայնություն և նվիրում, ինչը կարևորագույն բաղադրիչ է արդյունքի հասնելու համար: Եվ վերջապես, «Ելք»-ը թիմ է՝ մի մեծ թիմ, որը ներառում է տարբեր ոլորտի երիտասարդ մասնագետներ, որոնք պատրաստ են ստանձնել Երևանի կառավարման պատասխանատվությունը և արհեստավարժ, արդյունավետ և աննահանջ կերպով լուծել Երևանի առջև ծառացած խնդիրները: Այս թիմը պատրաստ է աշխատելու Նիկոլի հետ միասին»,-ասել է Թանդիլյանը՝  անդրադառնալով այն հարցին, թե ինչով է քաղաքապետի մյուս երկու թեկնածուներից՝ Տարոն Մարգարյանից և Զարուհի Փոստանջյանից առանձնանում, առավել «ԵԼՔ»-ի թեկնածուն:

Հարցին, թե «ԵԼՔ»-ում որոշակի նեղվածություն չկա՞ Զարուհի Փոստանջյանից և ինչպես է  գնահատում նրա քարոզարշավը, Թանդիլյանն արձագանքել է. «Որևէ նեղվածություն չկա Զարուհի Փոստանջյանից: Մենք արել ենք քաղաքական քայլ՝ կոնսոլիդացնելու ընդդիմադիր ձայները, մեկտեղելու ռեսուրսները ՀՀԿ-ին ընդդիմադիր դարձնելու համար: Կարծում եմ, դա ճիշտ քայլ էր մեր կողմից: Ինչևէ, հաջողություն ենք ցանկանում Զարուհի Փոստանջյանին և մաղթում օրիգինալ ու անխափան քարոզարշավ»: