Հյուսիսային Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միչիգան» միջուկային սուզանավը


Հյուսիսային Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միչիգան» միջուկային սուզանավը
Ապրիլ 30 09:54 2017

Հյուսիսային Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միչիգան» միջուկային սուզանավը, որն այս շաբաթ մտել էր հարավկորեական Պուսան նավահանգիստ: Այդ մասին հայտնում է հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական քարոզչական Uriminzokkiri պորտալի հաղորդագրությունը:
«Այն պահին, երբ «Միչիգանը» փորձի շարժվել, այն կդատապարտվի ստորջրյա ուրվական դառնալու թշվառ ճակատագրին, որն այլևս չի կարողանա վերադառնա ծովի մակերևույթ»,- ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ Կորեական թերակղզու մոտակայքում գտնվող ջրեր միջուկային սուզանավի տեղաշարժվելը, ինչը ժամանակային առումով համընկել է այնտեղ հարվածային ավիակիր խմբավորման ուղարկման հետ, միտված է էլ ավելի ուժեղացնել ռազմական սպառնալիքները մեր հանրապետության դեմ»:
«Միչիգան» միջուկային սուզանավը մտել է հարավկորեական Պուսան նավահանգիստ ապրիլի 25-ին: Այն պետք է միանա «Կարլ Վինսոն» ավիակրի հարվածային խմբին, որը համատեղ զորավարժություններ է անցկացնում Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի նավերի հետ Կորեական թերակղզու մոտակայքում: