Չինաստանը ցամաքում հաջողությամբ փորձարկել է աշխարհի ամենամեծ հիդրոինքնաթիռը


Չինաստանը ցամաքում հաջողությամբ փորձարկել է աշխարհի ամենամեծ հիդրոինքնաթիռը
Ապրիլ 30 13:06 2017

Չինական AG600 երկկենցաղ ինքնաթիռը, որը Չինաստանն անվանում է ամենամեծն աշխարհում, հաջողությամբ անցել է առաջին փորձարկումը թռիչքուղում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Փորձարկումն իրականացվել է Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքում: Ստուգվել են ինքնաթիռի արգելակման համակարգը, ուղիղ պահելու կարողությունը, շարժման ճանապարհի ճշգրտումը: Ինքնաթիռը նաև թռիչքուղուց 180 աստիճանի շրջադարձ է կատարել: Հաղորդվում է, ուր համակարերը գործում են ինչպես հարկն է:

Ինքնաթիռն արդեն անցել է շարժիչների հաշվին էլեկտրաէներգիայի ինքնավար մատակարարման փորձեր, ինքնաթիռի հիմնական համակարգերի թեստեր, գետնի վրա միաժամանակ բոլոր 4 շարժիչների աշխատանքի ստուգում: Հաղորդվում է, որ անձնակազմը բաղկացած կլինի 3 հոգուց, որոնց կընտրեն ներկայումս պատրաստություն անցնող 8 հավակնորդներից:

Չինաստանը AG600-ի հավաքումն ավարտել է 2016 թ. հուլիսին: Արտադրող China Aviation Industry General Aircraft ընկերությունը 17 ինքնաթիռի պատվեր է ստացել: Գինը չի հաղորդվում:

Հիդրոինքնաթիռն ունի չինական արտադրության 4 շարժիչ, առավելագույն թռիչքային քաշը կազմում է 53.5 տոննա, կորպուսի երկարությունը հասնում է 39,3 մետրի, իսկ թևերի բացվածքը՝ 38.8 մետրի։ Ինքնաթիռը նախատեսված է հրդեհներ մարելու և ջրում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։