ԱՄՆ 2 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով


ԱՄՆ 2 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով
Ապրիլ 30 11:42 2017

ԱՄՆ Միսսուրի և Օքլահոմա նահանգների իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն սահմանելու մասին ջրհեղեղի պատճառով, որը հաջորդել է հորդառատ անձրևին: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:

Միսսուրի նահանգի պարեկային ծառայության տեղեկությամբ՝ ջրհեղեղի զոհ է դարձել մի կին, ավելի քան 30 մարդու հաջողվել է փրկել: Մոտ 100 մարդ տարհանվել է հեղեղված շրջաններից:

Օքլահոմայում անձրևին ուղեկցող ուժեղ քամին ծառեր և էլեկտրահաղորդման գծեր է տապալել: Նահանգի որոշ մասերում ձյուն է տեղացել:

Իսկ Տեխաս նահանգում մոլեգնած տորնադոյի զոհ է դարձել առնվազն 5 մարդ, հայտնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկությամբ՝ առնվազն 3 տորնադո է արձանագրվել, որոնց հետևանքով՝ նվազագույնը 50 մարդ հոսպիտալացվել է: Հաղորդվում է նաև բնակելի տների քանդվելու, շրջված ավտոմեքենաների և արմատախիլ եղած ծառերի մասին: