Լե Պենը եվրոն անվանել է բեռ Ֆրանսիայի համար


Լե Պենը եվրոն անվանել է բեռ Ֆրանսիայի համար
Ապրիլ 30 12:34 2017

«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը կարծում է, որ եվրոպական միասնական արժույթ եվրոն «բեռ» է երկրի համար, և ազգային արժույթը պետք է գլխավոր դեր խաղա երկրի տնտեսության մեջ: Այս մասին Լե Պենն ասել է Parisien թերթին տված հարցազրույցում:

«Անհրաժեշտ է կառավարել ազգային արժույթը, այն հարմարեցնել տնտեսությանը, քանի որ այսօր միասնական արժույթը բեռ է»,- ասել է Լե Պենը:

Նա հավելել է, որ ուզում է հասնել ազգային արժույթ օգտագործելու իրավունքի, քանի որ «եվրոն մեռած է»: «Ես ուզում եմ մեր արժույթի կառավարում պահանջել: Դա նշանակում է եվրոն վերածել արժույթի, որի հետ կապված չեն լինի ամենօրյա գնումները, դրանից կօգտվեն միայն մեծ ընկերությունները, որոնք զբաղվում են միջազգային առևտրով»,- ասել է Լե Պենը:

Երկրի նախագահ ընտրվելու դեպքում Լե Պենը մտադիրր է ազգային հանրաքվե անցկացնել եվրոյից հրաժարվելու հարցով, քանի որ համոզված է, որ եվրոպական միասնական արժույթը կենսունակ չէ տարբեր երկրների մրցունակության տարբերության պատճառով:

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը ստացել է ընտրողների քվեների 24,01%-ը, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ 21,3%-ը: Նրանք անցել են ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 7-ին: