ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել


ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Ապրիլ 29 12:08 2017

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ) եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի եւ խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ համագործակցաբար վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների իրական ծավալները, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական գործողություններ քննությամբ ձեռք բերված տվյալների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Երեւանում ապրիլի 26-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք: