Երևան քաղաքը շնչող օրգանիզմ է, Կենտրոնը՝ Երևանի սիրտն է. Տարոն Մարգարյան


Երևան քաղաքը շնչող օրգանիզմ է, Կենտրոնը՝ Երևանի սիրտն է. Տարոն Մարգարյան
Ապրիլ 28 20:21 2017

ՀՀԿ քաղաքապետի թեկնածու, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր մայրաքաղաքի Կենտրոն համայնքում իրականացրած քարոզարշավի ընթացքում նշեց, որ դեռևս 4 տարի առաջ իր թիմը ներկայացրել է «Ավելի լավ Երևան» ծրագիրը, որին, իր գնահատմամբ, օր ու գիշեր աշխատելով հասել են:

«Մեր թիմն օր ու գիշեր աշխատելով, լսելով մեր քաղաքացիների դարդ ու ցավը, բարձրացրած հարցեր, փորձել ենք մասամբ իրականություն դարձնել: Բայց կարող ենք ասել՝ ավելի լավ Երևանը համեմատության մեջ ունենք, Երևան քաղաքը շնչող օրգանիզմ է, Կենտրոնը՝ Երևանի սիրտն է»,- ասաց Մարգարյանը:

Քաղաքապետը շեշտեց, թե բոլորի համար տեսանելի է, որ Երևանում շատ անելիք կա՝ բեռնաթափում, որը բոլորի համար շատ հուզող հարց է: Նրա խոսքով՝ խնդրի կարգավորման համար նախատեսվում է կառուցել նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ:

«Մասամբ այդ առումով մենք կկարողանանք բեռնաթափել: Կառուցել ենք շրջանցիկ -ճանապարհներ՝ Իսակով-Լենինգրադյանից դեպի Շենգավիթ, դեպի Մալաթիա, Աջափնյակ վարչական շրջան և այս ամենը լինելու է շարունակական: Մենք հստակ գիտենք մեր անելիքները: Բոլորիդ համար պատմամշակութային շենքերի, հին Երևանի պահպանումն է կարևոր: Մենք այս տարիների ընթացքում ձեռքներս ծալած չենք նստել, մասնավորի հետ համատեղ ծրագիր ենք մշակել: Մենք ծրագրել ենք հին Երևանի վերականգնումը՝ Կենտրոնում: Դրա մեկնարկն արդեն տրվել է: Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում դա ավարտին կհասցնենք»,- ընդգծեց քաղաքապետը:

Վերջինս շեշտեց, որ խստացնելու են նաև Փոքր Կենտրոնում կառուցապատման աշխատանքները։