ՌԳ ԱԳՆ. ընդգծվել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը


ՌԳ ԱԳՆ. ընդգծվել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը
Ապրիլ 28 17:19 2017

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց քիչ առաջ Մոսկվայում ավարտված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Ապրիլի 28-ին Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Լավրովի, Մամեդյարովի եւ Նալբանդյանի միջեւ:

Հանդիպման ժամանակ շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարների շուրջ: Ընդգծվել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու ջանքերի համար:

Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկվող բոլոր հարցերի շուրջ: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմն բանակցությունների արդյունքներով տեղի է ունեցել հանդիպում Մինսկի խմբի դեսպանների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, որի ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրավիճակի շուրջ»: