Երևանում գիշերային ակումբում ոստիկանին աստիճանահարթակից վայր են գցել ու ծեծել


Երևանում գիշերային ակումբում ոստիկանին աստիճանահարթակից վայր են գցել ու ծեծել
Ապրիլ 28 14:51 2017

Օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ նախաքննության նպատակով 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթին հանձնված` քաղաքացիների եւ ոստիկանների վիճաբանության ու կռվի փաստով հարուցված քրեական գործով կատարված քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչներ Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, որի հետեւանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:

ՀՔԾ-ից հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017 թվականի հունվարի 5-ին` Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող «Աֆրոդիտե» ակումբում, Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած ոչ սթափ վիճակում, հայհոյել եւ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել ակումբի աշխատակիցների նկատմամբ, ինչի համար մի քանի անգամ դիտողության են արժանացել վերջիններիս եւ նշված տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Հրաչյա Պալյանի ու Արթուր Հովհաննիսյանի կողմից:

Ոստիկանները Հ. Խաչատրյանից ու Վ. Հովհաննիսյանից պահանջել են նաեւ դադարեցնել ակումբում գույքը վնասելուն ուղղված գործողությունները, ինչի շուրջ նրանց միջեւ վիճաբանություն է ծագել, որը շարունակվել է նաեւ դրսում: Հ. Խաչատրյանն ու Վ. Հովհաննիսյանը, չենթարկվելով իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին, նախ աստիճանահարթակից վայր են գցել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածել գետնին ընկած Արթուր Հովհաննիսյանին, իսկ այնուհետեւ` նրան օգնության հասած Հրաչյա Պալյանին, որի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:

Այսպիսով, ոստիկանների ծառայողական պարտականությունների հետ կապված` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար Հարություն Խաչատրյանին ու Վահե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: