Սերժ Սարգսյանն ընդունել է Էկվադորի դեսպանին


Սերժ Սարգսյանն ընդունել է Էկվադորի դեսպանին
Ապրիլ 28 14:03 2017

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա), տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է լատինաամերիկյան երկրների, այդ թվում՝ Էկվադորի հետ խորացնելու հարաբերությունները և հույս է հայտնել, որ դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան իր փորձառությամբ ու ակտիվ աշխատանքով հայ-էկվադորյան հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի:

Նշելով, որ Լատինական Ամերիկայի երկրների հետ Հայաստանը գլխավորապես կապված է արժեմշակութային թելերով, որը հարյուր հազարավոր հայերի համար անցյալ դարասկզբին հիմք է հանդիսացել Հայոց ցեղասպանությունից փրկվելով՝ ապաստան գտնել այդ երկրներում, Սերժ Սարգսյանը կարևորել է բարեկամական կապերի ամրապնդումն ու միջպետական մակարդակով տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:

Դեսպան վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի զարգացնելու Հայաստանի և Էկվադորի միջև հարաբերությունները և համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպմանը դեսպանը նաև իր առաջարկներն է ներկայացրել նախագահին՝ տարբեր ոլորտներում հայ-էկվադորյան փոխգործակցության ներուժը լավագույնս օգտագործելու ուղղությամբ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են խորհրդարանական մակարդակով ևս երկու երկրների միջև շփումների ակտիվացումը: