Ինչու ՓՊ նախագահը չի գնացել փաստաբանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վայր


Ինչու ՓՊ նախագահը չի գնացել փաստաբանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վայր
Ապրիլ 28 13:51 2017

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն այսօր՝ ապրիլի 28-ին, մամուլի ասուլիս է տվել և պարզաբանել երեկ տեղի ունեցած միջադեպը:

Նա հայտարարել է, որ երեկ իրենք փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակ են գնացել ոչ թե վերջինիս ծեծելու, այլ պարզաբանումներ պահանջելու, թե ինչու է Աթանեսյանն իր ու իր ընտանիքի հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սեռական բնույթի հայհոյանքներ գրում:

Նշենք, որ Տիգրան Աթանեսյանն ու նրա գործընկեր Արմեն Սողոմոնյանը երեկ Աթանեսյանի գրասենյակում դաժան ծեծի էին ենթարկվել՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Նրանք նշել էին, թե իրենց բռնության ենթարկածները, որոնց թվում է նաև Սիմոն Բաբայանը, արել են դա Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հրահանգով:

Մամուլի ասուլիսով հանդես է եկել նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հայտարարելով , որ դատապարտում է ցանկացած բռնություն: Ըստ նրա՝ նման միջադեպերը հարված են հասցնում փաստաբանության վարկանիշին:

Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու չի եղել փաստաբանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վայրում։

«Ես մտածեցի, որ իմ գնալով այնտեղ կրքերն ավելի կբորբոքվեն, այդ պատճառով նպատակահարմար չգտա գնալ», - ասել է նա՝ վստահեցնելով, որ փորձելու է հաշտեցնել կողմերին։

Նա նաև «ստահոդ» է որակել բռնության պատվիրատու լինելու մասին իրեն ուղղված մեղադրանքները՝ ընգծելով, որ երեկվա միջադեպի մասին ինքը տեղյակ չի եղել:



loading...