Արգենտինան ՀՀ-ում ներդրումների ծավալով մեծ բաժին ունի, իսկ «Արգենտինական գինու շաբաթը» հաջողված էր. Կարեն Կարպետյան


Արգենտինան ՀՀ-ում ներդրումների ծավալով մեծ բաժին ունի, իսկ «Արգենտինական գինու շաբաթը» հաջողված էր. Կարեն Կարպետյան
Ապրիլ 28 13:40 2017

Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով մեծ մասնաբաժին ունի, բայց դա բավարար չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն ամուր բարեկամական կապեր, ինչը պայմանավորված է նաեւ կենսունակ արգենտինահայ համայնքով, եւ Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցության օրակարգը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Կարեն Կարապետյանը կարեւորել է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ թեեւ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով մեծ մասնաբաժին ունի, այդուհանդերձ, ապրանքաշրջանառության ցուցանիշները գոհացուցիչ չեն, եւ դեռեւս շատ անելիք կա առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Վարչապետն առաջարկել է դիտարկել արգենտինական բիզնեսի համար մեր երկրում գործարար համաժողով կամ բաց օրեր կազմակերպելու հարցը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ երրորդ երկրների շուկաների ներդրումային հնարավորություններին ծանոթացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը նաեւ հաջողված է համարել Հայաստանում «Արգենտինական գինու շաբաթ»-ի անցկացումը:

Գոնսալո Ուռիոլաբեիտիայի խոսքով՝ Արգենտինան մշտապես կարեւորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որոնք այսօր բարձր մակարդակի վրա են եւ պետք է աշխատել, որպեսզի այդ մոտեցումը հավասարապես արտացոլվի նաեւ տնտեսական գործակցության ոլորտում: Նա նշել է, որ դեսպանությունն ակտիվ աշխատում է ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունների հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի շուրջ եւ մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-արգենտինական տնտեսական գործակցության համար առանձնահատուկ կարեւորություն ունի գյուղատնտեսության ոլորտը: Կողմերը մտքեր են փոխանակել ագրոբիզնեսի կազմակերպման, գյուղտեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական աշխատանքների կազմակերպման շուրջ: Երկուստեք կարեւորվել է զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: