Պատանի շախմատիստը հաղթեց Հայաստանի չեմպիոնին


Պատանի շախմատիստը հաղթեց Հայաստանի չեմպիոնին
Հունվար 18 00:10 2017

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբում առաջատարի փոփոխություն տեղի ունեցավ:

Այսօր կայացած 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում մրցաշարի միանձնյա առաջատար Զավեն Անդրիասյանի եւ նրան հետապնդող, աշխարհի պատանիների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի դիմակայությունն էր: Սեւերով հանդես եկող պատանի շախմատիստը հաղթեց փորձառու գրոսմայստերին, վաստակեց 4 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար: Իսկ ահա գործող չեմպիոնն առաջին պարտությունը կրեց մրցաշարում եւ նահանջեց 2-րդ հորիզոնական՝ մնալով 3,5 միավորով:

Հայկ Մարտիրոսյանին կարող էր հավասարվել Տիգրան Հարությունյանը, սակայն վերջինս պարտվեց մրցաշարի ետնապահ Հովհաննես Գաբուզյանին: Նրանից բացի 3-ական միավոր ունեն իրենց ակտիվում նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով ուժերը կչափի Արման Փաշիկյանի հետ, իսկ Զավեն Անդրիասյանը սեւերով կդիմակայի Ռոբերտ Հովհաննիսյանին:

Կանանց առաջնությունում վեց տուրից հետո կրկին երկիշխանություն է: Նախկին միանձնյա առաջատար Աննա Հայրապետյանը այսօր զիջեց Արմինե Բաբայանին, իսկ նրան հետապնդող Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթեցին իրենց մրցակիցներին եւ 4,5-ական միավորով գլխավորեցին աղյուսակը: Վաղը նախատեսված 7-րդ տուրում իրար հետ կմրցեն հենց երկու առաջատարները: