Էրդողանը մայիսի 21-ին կդառնա Թուրքիայում իշխող կուսակցության նախագահը


Էրդողանը մայիսի 21-ին կդառնա Թուրքիայում իշխող կուսակցության նախագահը
Ապրիլ 27 21:06 2017

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին մայիսի 21-ին արտահերթ նիստի ժամանակ կառաջադրի կուսակցության նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով կուսակցության ներկայացուցչին:

Ավելի վաղ կուսակցություն գործող նախագահ, վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ հանրաքվեի արդյունքների պաշտոնական հայտարարությունից հետո կուսակցությունը նախագահին կհրավիրի վերադառնալ կուսակցություն:

Էրդողանը հանդիսանում է «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկը (2001 թվականին): Այն դարձել է Թուրքիայի պատմության մեջ առաջին կուսակցությունը, որը անընդմեջ հաղթել է երեք խորհրդարանական ընտրություններում (2002, 2007, 2011): Էրդողանը դուրս էր եկել կուսակցությունից 2014 թվականին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: