Մոնտաժված ձայնագրություն, հակասական ցուցմունքներ


Մոնտաժված ձայնագրություն, հակասական ցուցմունքներ
Ապրիլ 27 19:11 2017

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 3 ամսյա ընդմիջումից հետո այսօր շարունակվեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հերթական դատական նիստը:

Այսօրվա դատական նիստին հեռախոսով ցուցմունք տվեց (խմբ. ձայնը փոխված) և կողմերի հարցերին պատասխանեց այս գործով կարևորագույն վկաներից մեկն, ում նկատմամբ պաշտպանության միջոցներ են կիրառվել: Անվտանգության նկատառումներից ելնելով Հակոբ Իսպիրյան կեղծանունով հանդես եկող վկան չէր ներկայացել դատարան: Նշենք, որ հեռախոսազանգը պարզ չէր, եւ չէր լսվում թե կոնկրետ ինչ է պատմում վկան: Միայն հասկանալի էր, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքը և որ ինչ գրել է՝ ճիշտ է : Սակայն հաշվի առնելով, որ հակասություններ կան նրա՝ հեռախոսով տրված ցուցմունքի և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև, պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Մինչ այդ սույն ործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը եւ վերջինիս շահերի պաշտպանը հանդես եկան միջնորդությամբ, որպեսզի վկան ներկայանա դատարան, կամ գոնե ձայնը չփոխվի, քան որ չունեն վստահություն, որ հեռախոսով խոսող անձը գործով անցնող վկա է:

Նշենք, որ պաշտպանական միջոցներ են կիրառված գործով չորս վկաների նկատմամբ, ովքեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են և որոնց շնորհիվ ըստ մեղադրողի բացահայտվել է Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ գործի նյութերի՝ հիշյալ անձինք Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո հետևել են սպանության ենթադրյալ կատարող Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի մեքենայի տեղաշարժին:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի- Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Ուշագրավ է, որ գործով կարևորագույն այս վկաներն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ «Մագնում» հյուրանոցից դուրս եկող մեքենայում երկու հոգի է եղել, ընդ որում, 4 աշխատակիցներն էլ այդ ցուցմունքը նույնությամբ կրկնել են: Այսինքն, եթե Մովսես Ներսիսյանը սպանվել է «Մագնում» հյուրանոցում, ո՞վ է եղել վարորդի կողքին նստածը: Այսօրվա դատական նիստին այս գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հերթական անգամ ուշադրություն հրավիրեց այդ հարցի վրա: Այս կապակցությամբ մեղադրող դատախազը հայտարարեց, որ տեղաշարժին հետևած անձինք հնարավոր է մթության պատճառով վրիպել են և նշել, որ մեքենայում երկու անձ են տեսել: Մինչդեռ Իսրայել Սարգսյանը եւ վերջինիս փաստաբանը նկատեցին, որ եթե աշխատակիցներից մեկն է վրիպել, այդ ինչպես է ստացվել, որ չորսն էլ նույն հարցի շուրջ թույլ տվեցին վրիպում: Սա կարեւոր հանգամանք համարելով նրանք միջնորդեցին հրապարակել վերջիններիս նախաքննական ցուցմունքները:

Այսօրվա նիստին հրապարակվեց նաև Իսրայել Սարգսյանի և այս գործով նախկին մեղադրյալ, նախկին ոստիկան Տիգրան Ասատրյանի խոսակցության հայտնի ձայնագրությունը, որի շնորհիվ Տիգրան Ասատրյանն իբր ապացուցել էր իր անմեղությունը և կատարվածը բարդել Իսրայել Սարգսյանի վրա: Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը, սակայն բազմիցս հայտարարել է, որ այդ ձայնագրությունը մոնտաժված է: Նույնը նա կրկնեց նաեւ այսօրվա դատական նիստին: Ըստ Սարգսյանի՝ իր նախկին ընկերը՝ Տիգրան Ասատրյանը, մոտ մեկուկես ժամ տևած իրենց խոսակցությունից պահել է միայն 18 րոպեն և դա ներկայացրել նախաքննական մարմնին: Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ Տիգրան Ասատրյանը խուսափում էր գալ դատարան և իր հարցերին պատասպանել: Առկա այս եւ մյուս հակասությունները պաշտպանական կողմին թույլ են տալիս հայտարարելու, որ իրական մեղավորները ազատության մեջ են:

Դատական նիստն այսքանով ավարտվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին: Նշենք, որ Իսրայել Սարգսյանը շուրջ 25 օր հայտարարել էր հացադուլ: Դատական այսօրվա նիստում նա պարզաբանեց հացադուլ հայտարարելու իր որոշման մասին: