«Հարձակման թիկունքում կանգնած է Արա Զոհրաբյանը». փաստաբան


«Հարձակման թիկունքում կանգնած է Արա Զոհրաբյանը». փաստաբան
Ապրիլ 27 19:01 2017

«Սովորական աշխատում էինք գրասենյակում, երբ հայհոյանքներով ներխուժեցին 4 հոգի»: Լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած հարձակումը նշեց, փաստաբան Արմեն Սողոմոնյանը, ով եւս մարմնական վնասվածքներ էր ստացել: 

«Մինչեւ ուզեցի տեղիցս վեր կենալ, ինչ-որ բանով հարվածեցին: Մի պահ չեմ հիշում, հետո երբ շրջվեցի՝ ճակատիս եւ աչքիս վնասվածքներն այդ ժամանակ եմ ստացել: Ինչ-որ երկաթե իրով էին հարվածում եւ պաշտպանվելիս մատս էլ վնասվեց: Ինչով որ հարվածում էին Սիմոն Բաբայանն ու իր հետինը, ձեռքից ընկավ: Վերցրեցին ու փախան դուրս: Ակնթարթներ տեւեց այդ ամենը»,-ասաց Սողոմոնյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այս ամենի թիկունքում կանգնած է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Հարձակվողները նրա մանկլավիկներն են: Եթե իրենց թվում է, որ այս ամենի տակից կարող են դուրս գալ ու մարսել, չարաչար սխալվում են: Սա հարիր չի ոչ տղամարդուն, ոչ էլ փաստաբանին: Եթե տղամարդ լինեին, ուզում էին հարց լուծել, կարող էին նորմալ պայմանավորվել, հանդիպել: Բայց նրանք ոչ նորմալ փաստաբան են, ոչ էլ նորմալ տղամարդ»,- պատմեց նա:

Հիշեցնենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ հարձակման են ենթարկվել փաստաբաններ Արմեն Սողոմոնյանը եւ Տիգրան Աթանեսյանը:

Տեղի ունեցածին արձագանքել էր ՓՊ-ը: