Նորածին երեխաները պետք է քնեն մոր անկողնում


Նորածին երեխաները պետք է քնեն մոր անկողնում
Հունվար 17 23:51 2017

Նորածինները պետք է քնեն մայրիկի հետ, մինչև առնվազն երեք տարեկան դառնալը, հավաստում են մանկաբույժները: Համաձայն վերջին ուսումնասիրությունների, նորածինների սրտանոթային համակարգն առավել մեծ սթրեսի և ծանրաբեռնվածության է ենթարկվում, երբ նրանց թողնում են մենակ` սեփական անկողնում: Մոր գրկում քնելու արդյունքում երեխաներն ավելի լավ են հանգստանում, քան երբ մենակ են: Ուսումնասիրության հեղինակը Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփ Թաունի համալսարանի մանկաբույժ դոկտոր Նիլս Բերգմանն է: Վերջինիս կարծիքով, առանձին քունը խոչընդոտում է, որպեսզի մոր և երեխայի միջև ամուր կապ ձևավորվի: Սթրեսային վիճակն, իր հերթին, ազդում է երեխայի գլխուղեղի զարգացման վրա, ինչն առավել մեծ տարիքում կարող է հանգեցնել վարքագծի հետ կապված խնդիրների առաջացման:

Այս նոր մոտեցումը հակասում է սակայն մինչև այժմ տարածված այն կարծիքին, թե համատեղ քունը կարող է վտանգավոր լինել, քանի որ քնի ընթացքում մայրը կարող է անզգուշաբար վնասել փոքրիկին:

Սակայն Մեծ Բրիտանիայում իրականացված վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ մանուկների հանկարծամահության դեպքերի 2/3-ը գրանցվել է փոքրիկների` առանձին անկողնում քնած ժամանակ:

Բժիշկ Բերգմանի համոզմամբ, նման դժբախտ պատահարների պատճառը ոչ թե մոր ներկայությունն է, այլ թունավոր նյութերի գործածումը մանուկների սենյակում, նույնիսկ ծխախոտի ծուխը, կերակրող մոր կողմից ալկոհոլի գործածումը, մեծ բարձերի կամ խաղալիքների առկայությունը երեխայի անկողնում: