«Բրավոյի» տնօրենի տան վրա հարձակման գործով ամբաստանյալի նկատմամբ հետապնդումը դադարեցվեց


«Բրավոյի» տնօրենի տան վրա հարձակման գործով ամբաստանյալի նկատմամբ հետապնդումը դադարեցվեց
Ապրիլ 27 16:15 2017

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ապրիլի 27-ին մեկնարկեց Երեւանում 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում կատարելու գործով դատաքննությունը: Տուժող կողմը միջնորդություն ներկայացրեց արգելանք դնել ամբաստանյալ Էդգար Մանուկյանին պատկանող գույքի վրա, վերջինի փաստաբանը հայտարարեց, որ Էդգար Մնաուկյանն իր անունով հաշվառված գույք չունի: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո միջնորդությունը մերժեց:

Դատարանը բավարարեց ամբաստանյալ Էդգար Մանուկյանի շահերի պաշտպանի միջնորդությունը` Էդգար Մանուկյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասով ` Կողոպուտ, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Պաշտպանը միջնորդությւոն էր ներկաայցրել իր պաշտպանյալի նկատմամբ տվյալ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, քանի որ նա այդ արարքը կատարել էր դեռեւս 2012թ. եւ սույն քրեական գործը կցվել էր ավազակային հարձակում կատարելուգործին: Էդգար Մանուկյանին ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել` մեքենայի վրայից անիվներ հափշտակելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգար Մկրտչյանը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը կալանավորված է:

Էդգար Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հրաչյա Ֆալանջյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` նրա մահվան հիմքով: