Վաղաժամ մարվող վարկերի տույժերն ու տուգանքները լրացուցիչ բեռ են քաղաքացիների համար. Կարապետյան


Վաղաժամ մարվող վարկերի տույժերն ու տուգանքները լրացուցիչ բեռ են քաղաքացիների համար. Կարապետյան
Ապրիլ 27 13:37 2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դիտարկում ուներ վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ տույժեր կամ տուգանքներ կիրառելու հարցերի վերաբերյալ:

Կարապետյանն ասաց, թե դա անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար:

«Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին` նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ասաց նա:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: ԿԲ նախագահի խոսքով` նախորդ տարի այս առնչությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը գտնվում է Ազգային ժողովում, անցել է երկու ընթերցում:

Վարչապետը ԿԲ նախագահին կոչ արեց կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ: