Նորից դեժավյուի գիրկն ընկանք. Մուկուչյանը՝ Զուրաբյանին


Նորից դեժավյուի գիրկն ընկանք. Մուկուչյանը՝ Զուրաբյանին
Ապրիլ 27 12:38 2017

Հայասատանի Սահմանադրական դատարանն ապրիլի 27-ին շարունակել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի քննարկումը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Ելույթ ունենալով հարցի քննարկման ժամանակ՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը նշել է, որ ընտրություններում հետաքրքիր դինամիկա կար։

«Հայաստանի բնակչությունն աստիճանաբար նվազում է, սակայն մյուս կողմից ընտրություններին մասնակցության պաշտոնական թիվն աստիճանաբար ուռճացվում է։ Ինչպե՞ս է դա հնարավոր դառնում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝  2008 թվականից 2017 թվականի ընթացքում ընտրողների ցուցակներում ավելացել են շուրջ 400 հազար ընտրողներ:

«2008-2012 թթ. 200 հազարից ավելի շատ մարդ է ավելացել ընտրացուցակի մեջ, 2012-2017 թթ. կրկին նույն քանակով: Երկու ընտրությունների ընթացքում երկրում մոտ 400 հազար մարդ է եղել, որ նոր է ավելացել ընտրողների ցուցակում»,- նկատել է Զուրաբյանը:

Ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց. «Նորից դեժավյուի գիրկն ընկանք: 2017 թվում ենք, ի՞նչ կապ ունի 2012 թվականը», ապա շարունակեց. «Ներկա պահին քվեարկած ընտրողների բոլոր ցուցակները հրապարակվել են։ Այդ ցուցակները ի ցույց էին դրվել ամբողջ աշխարհին»։