Ապօրինի անտառահատումների հետքերով. Կարապետյանի հանձնարարականը


Ապօրինի անտառահատումների հետքերով. Կարապետյանի հանձնարարականը
Ապրիլ 27 11:23 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության  անդամներին տվեց հերթական հանձնարարականները: Հանձնարարականներից առաջինը վերաբերում էր ապօրինի անտառահատումներին: «Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրացվում անտառների կառավարման եւ ապօրինի անտառահատումների հետ կապված մտահոգություններ: Խնդիրն առավել խորքային է, եւ չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով»,- նշեց վարչապետը, հավելելով, որ անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը, եւ համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին:

«Կարեւորում եմ գիտական եւ տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը եւ կառավարման մարմինների փոխկապակցված եւ հետեւողական աշխատանքը: Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար»,- նշեց Կարապետյանը, հանձնարարելով գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին երկուամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների վերականգնման, եւ պահպանության ոլորտում ներգրաված կազմակերպությունների ցանկը եւ դերը: Բացի այդ վարչապետը հանձնարարեց. «Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կատարելագործման ուղղությամբ հստակ առաջարկություններ եւ գործողությունների ծրագիր»:

Կարապետյանը  նաեւ հանձնարարեց ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների, գործիքների, եւ տեխնոլոգիաների ներգրավման գործողությունների ծրագիր: «Երրորդը՝ սերտ համագործակցելով բնապահպանական տեսչական եւ իրավապահների հետ, մշակել եւ ներկայացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հանրությանը»,- հանձնարարեց Կարապետյանը:

Նա նաեւ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին երեք ամիսների ընթացքում մամուլում եւ սոցիալական ցանցերում բնապահպանական ՀԿ-ների եւ անհատ քաղաքացիների կողմից բարձրաձայնված անտառահատումների հետ կապված խնդիրները, քննարկել դրանք եւ ներկայացնել վերլուծություն: