Բաթումում կայացել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հանրահավաք


Բաթումում կայացել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հանրահավաք
Ապրիլ 26 22:38 2017

Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ ապրիլի 24-ին կատարվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված բարեխոսության կարգ՝ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Արարողությանը միացան նաև հայ նախակրթարանցիները, դպրոցականները և երիտասարդները, ովքեր քայլերթով անցան Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնից մինչև Սուրբ Փրկիչ եկեղեցի: Միջոցառման մասնակիցներն այցելեցին Մեծ եղեռնից դրվագներ պատկերող բացօթյա լուսանկարչական ցուցահանդես, այնուհետև, Գլխավոր հյուպատոսության, համայնքային կառույցների, անհատների կողմից ծաղիկներ զետեղվեցին խաչքարի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մակետի մոտ:
Արարողություններին հաջորդած հանրահավաքին ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության մամուլի պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը, ովքեր դատապարտեցին Հայոց ցեղասպանության նկատմամբ որդեգրված ժխտողականության քաղաքականությունը, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերը:
ՀՀ գլխավոր հյուպատոսն իր ելույթում ընդգծեց նաև, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կնպաստի մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելմանը»: