Վարշավայում տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը


Վարշավայում տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը
Ապրիլ 26 20:33 2017

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը, «Մոնոլիտ ֆիլմ» ընկերությունը Վարշավայի կենտրոնում գտնվող «Ատլանտիկ» կինոթատրոնում ապրիլի 25-ին կազմակերպել էին «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական ցուցադրություն, որին մասնակցում էին Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, այլ դիվանագետներ, հոգևորականներ, հեղինակավոր քաղաքական, մշակութային գործիչներ, Լեհաստանի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:
Ինչպես տեղեկացրին Լեհաստանում ՀՀ դեսպանությունից, ֆիլմի ցուցադրության ավարտից հետո Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին ցուցադրության կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար: Դեսպան Ղազարյանը նշել է, որ այս ֆիլմն, իր գեղարվեստական մեծ արժեքից բացի, ունի նաև այլ կարևոր առաքելություն` իրազեկել ամբողջ աշխարհին Հայոց ցեղասպանության ճշմարիտ պատմության մասին:
Ելույթներով հանդես են եկել նաև Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը և «Մոնոլիտ ֆիլմ» ընկերության նախագահ Մարիուշ Լուկոմսին: Վերջինս հայտնել է, որ իրենց ընկերությունը 2017 թվականի մայիսի 5-ից կազմակերպելու է «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը Լեհաստանի բոլոր խոշոր քաղաքների հայտնի կինոթատրոններում, իսկ գործընկեր կազմակերպությունների միջոցով այն կիրականացվի նաև եվրոպական այլ երկրներում: