Ոստիկանությունն իր լիազորությունները ընտրությունների ժամանակ լիակատար իրականացրել է. Հովհաննես Քոչարյան


Ոստիկանությունն իր լիազորությունները ընտրությունների ժամանակ լիակատար իրականացրել է. Հովհաննես Քոչարյան
Ապրիլ 26 19:10 2017

Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքնի դիմումի քննության ժամանակ ոստիկանության լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը պնդեց, որ ոստիկանությունն իր լիազորությունները ընտրությունների ժամանակ լիակատար իրականացրել է, և դիմող կողմը որևէ փաստարկ չի բերել դատարան, որով կարող էր հակառակը ներկայացնել:

«Փոխարենը հնչում են միայն մերկապարանոց հայտարարություններ: Պատասխանող կողմը և մենք` հարակից պատասխանողներս, ստիպված ենք հերքելու ոչ թե ծանրակշիռ ապացույցներ, այլ՝ հնարածին, ցածրորակ, քաղաքական երանգավորումներ ունեցող հայտարարություններ: Բարձր դատարան, ներողություն են խնդրում հնարավոր հուզականության համար, բայց առավել նախընտրելի է նման դատավարական մրցակցության մասնակցել դեժավյուի ծանր զգացողությունների ներքո, ինչպես ասաց Լևոն Զուրաբյանը, քան գիտակցել, թե ինչ ահավոր հետևանքներ կարող է ունենալ դեմագոգիան և իրավական ինֆանտիլիզմը հասարակության վրա», - նշեց նա:

Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանն էլ ընդգծեց, որ թեև հայցվոր կողմը մեղադրում է իրավապահներին և պնդում, որ չի դիմում իրենց վստահության պակասի պատճառով, մինչդեռ ի տարբերություն իրենց՝ այն աղբյուրները, որոնց իրենք վկայակոչում են դիմումում, վստահում են իրավապահներին:

Նրա պնդմամբ՝ դատախազության էլեկտրոնային կայքում դիմում է ստացվել, որտեղ դիմումատուն հայտնել է, որ ընտրությունների ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ կողմից դիտորդ է աշխատել, մինչդեռ ՀԿ-ն մինչ այսօր դիտորդական առաքելություն իրականացնելու համար գումար չի վճարել:

Բիշարյանն ընդգծեց, որ տասնյակ նման դեպքեր կան, որ անձինք տուժել են «Իրավունք Եվրոպա» և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» ՀԿ-ների կողմից՝ պնդելով, որ պետք է հետևողական լինել այս հարցում:

Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը կշարունակվի վաղը ժամը 10:00-ին: