Օգտվելով դեղատան աշխատակցի անուշադրությունից՝ դրամարկղից գումար է հափշտակել (տեսանյութ)


Օգտվելով դեղատան աշխատակցի անուշադրությունից՝ դրամարկղից գումար է հափշտակել
 (տեսանյութ)
Ապրիլ 26 16:27 2017

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ Երեւան քաղաքում գործող դեղատներից մեկից գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. մարտի 24-ին հաղորդում է ստացվել առ այն, որ մարտի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երեւան քաղաքում գործող դեղատներից մեկը եւ օգտվելով աշխատակցի անուշադրությունից՝ դրամարկղից հափշտակել է կանխիկ գումար եւ հեռացել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատանը գործող տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված ալեհեր, միջահասակ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: