Ծեծկռտուք կարաոկե ակումբում. գործը ՀՔԾ-ում է


Ծեծկռտուք կարաոկե ակումբում. գործը ՀՔԾ-ում է
Ապրիլ 26 14:46 2017

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել Գեւորգ Թ.-ի եւ Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից հայտնում են, որ համաձայն քրեական գործով ձեռք բերված նյութերի, 27.09.2016թ.-ին Երեւան քաղաքի Մովսես Խորենացի 28 հասցեում գործող «Վոյս» կարաոկե ակումբի այցելուներ Գեւորգ Թ.-ն եւ Էդգար Ա.-ն ակումբում վիճաբանել են միմյանց հետ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Բացի այդ, անհարգալից վերաբերմունք են դրսեւորել ակումբի աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ տվել եւ բռնություն գործադրել միմյանց նկատմամբ: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունները շարունակվել են նաեւ դրսում, որտեղ վիճաբանությանը միջամտել են ակումբի տարածքում ծառայություն իր ականացնող ոստիկանության աշխատակիցները:

Վերջիններս վիճաբանությանը մասնակցած անձանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Այսպիսով, Գեւորգ Թ.-ի եւ Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: