Հնդկաստանի փոխնախագահին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել


Հնդկաստանի փոխնախագահին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել
Ապրիլ 26 14:15 2017

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիին Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել: Այսօր ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպումից հետո Հնդկաստանի փոխնախագահին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին ո րոշումն ընթերցեց ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գրիգորյանը:

Այնուհետև Գեղամ Գրիգորյանը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների անունից Հնդկաստանի փոխնախագահին նվիրեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» կտավը:

Հնդկաստանի փոխնախագահը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ում արժանացած ջերմ ընդունելության և հաճելի անակնկալի համար: Նրա խոսքով` ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալը իր համար մեծ պատիվ է և իրադարձություն, որը միշտ թարմ կմնա իր հիշողության մեջ: