«Չի կարելի չհիշել». Չեխիայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել չեխահայերին


«Չի կարելի չհիշել». Չեխիայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել չեխահայերին
Ապրիլ 26 13:28 2017

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի միջոցով չեխահայերին ուղղված ցավակցական ուղերձ է հղել՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ:

Երկրի ղեկավարի ուղերձում, որն առաջինն էր համայնքի պատմության մեջ, մասնավորապես նշված է.

«Հայր Սուրբ,

Այսօր հիշում ենք 102 տարին այն օրից, երբ հայկական հողի վրա իրականացվեց հայ բնակչության զանգվածային կոտորած: Ինչպես գիտեք, անձամբ ես մի քանի առիթներով, վերջին անգամ անցյալ տարի՝ հունիսին, Հայաստան կատարած իմ պետական այցի եւ նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, այդ վայրագությունները որակեցի որպես ցեղասպանություն: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այդ անհանգիստ ժամանակներում տեղի ունեցած իրադարձություններն այն վատթարագույնն են վայրագություններից, որոնց մարդկությունն արդի ժամանակներում ականատես է եղել։

Համաձայն եմ, որ պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, քանի որ նրանց ձեռքում պատմությունը հաճախ դառնում է իրենց քաղաքական շահերին ծառայող գործիք, եւ անցյալի ըմբռնումը կամ մեկնաբանումը պետք է կատարեն հիմնականում պատմաբանները:

Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք ոչ միայն խլեցին 1.5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, եւ պատմության մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

Հետեւաբար, թույլ տվեք, Հայր Սուրբ, հայկական հողերում կատարված զանգվածային կոտորածների կապակցությամբ Ձեր միջոցով իմ խորին ցավակցությունը հայտնել ոչ միայն Չեխիայի Հանրապետության բազմանդամ հայ համայնքին, այլեւ ամբողջ հայ ժողովրդին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 414 պատմական բանաձեւը։ Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, որից 104-ը կողմ են քվեարկել, 3-ը՝ ձեռնպահ։

Պատգամավորների պալատը մասնավորապես հայտարարել է.

«Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, եւ կոչ է անում միջազգային հանրությանն արդյունավետ կերպով կանխելու մարդու ու քաղաքացիական իրավունքների ոտնահարումներն աշխարհում եւ վեճերի հանգուցալուծումն իրականացնելու խաղաղ ճանապարհով»։

Բանաձեւն ընդունվել է Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշի նախաձեռնությամբ։ Կողմ քվեարկած պատգամավորները ներկայացնում են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի բոլոր ութ խմբակցությունները։