ՏՄՊՊՀ-ն DHL-ին նախազգուշացում է տվեց՝ խախտումը վերացնելու հանձնարարականով


ՏՄՊՊՀ-ն DHL-ին նախազգուշացում է տվեց՝ խախտումը վերացնելու հանձնարարականով
Ապրիլ 26 13:15 2017

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 26-ի իր նիստում որոշում է կայացրել մրցակցային օրենսդրության խախտման համար կիրառել նախազգուշացում՝ «Յումակս» ընկերության հանդեպ:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ Հանձնաժողովին էին դիմել մի քանի տասնյակ մաքսային բրոքերներ, ինչպես նաեւ խոշոր տնտեսվարողներ՝ («Զիգզագ», «Վորլդ Վիժն», «Յուքոմ», «Արարատ գինու կոնյակի գործարան», «Ռուսալ Արմենալ» եւ այլն), որոնք բողոքում էին մեր երկրում միջազգային փոստային առաքումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ-ի գործունեությունից:

«Խնդիրն այն է, որ «Յումակս» ընկերությունը տեղեկացրել էր, որ DHL–ի ցանցով ներմուծված բեռների մաքսային ձեւակերպումները իրականացվելու են բացառապես իրենց կողմից: Հակառակ դեպքում, մաքսային ձեւակերպումներից հրաժարվող բոլոր ընկերությունների եւ ֆիզիկական անձանց բեռները հետ կուղարկվեն:

Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը պարզել է, որ Հայաստան ուղարկվող բեռների եւ փոստային առաքումների բավականին մեծ մասը բերվում է հենց DHL ընկերության միջոցով, հետեւապես վերջինիս նման վարքագիծը սահմանափակում է դաշտում մրցակցությունը՝ բացասաբար անդրադառնալով բրոքերների հետագա գործունեության վրա:

Մրցակցային օրենսդրության խախտման փաստով, «Յումակս» (DHL) ընկերությանը տրվել է նախազգուշացում՝ կարճ ժամկետում խախտումը եւ սահմանափակումները վերացնելու հանձնարարականով:

Տեղեկացնենք, որ արդեն իսկ վարույթի ընթացքում ընկերությունը կատարել է ՏՄՊՊՀ պահանջը, հայտարարության միջոցով տեղեկացնելով, որ բոլորը սահմանափակումներն արդեն իսկ վերացված են եւ ընկերությունը պատրաստ է աշխատելու նախկին սկզբունքով: Հայտարարությունը տեղադրել է նաեւ ընկերության պաշտոնական կայքում»,-ասված է հաղորդագրությունում:



loading...