Բրիտանական խորհրդարանում Brexit-ն սպառնալիք են համարում բարձրագույն կրթությանը


Բրիտանական խորհրդարանում Brexit-ն սպառնալիք են համարում բարձրագույն կրթությանը
Ապրիլ 25 20:16 2017

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի կրթության կոմիտեն հորդորել է երկրի իշխանություններին՝ շտապ կարգով երաշխավորել Brexit-ից հետո Եվրոպայից ժամանած այն դասախոսների աշխատանքի իրավունքի պահպանումը երկրում, որոնք աշխատում են բրիտանական համալսարաններում՝ նախազգուշացնելով բարձրագույն կրթության համար այն սպառնալիքի մասին, որն իրենից ներկայացնում է ԵՄ-ից երկրի դուրս գալը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Բրիտանական բարձրագույն կրթությունն աշխարհի առաջատարն է, բայց Brexit-ն սպառնում է մեր միջազգային մրցունակությանը եւ մեր համալսարանների հաջողությանը երկարաժամկետ հեռանկարում:
Կառավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի՝ վերջ դնելու այն անորոշությանը, որը վերաբերում է համալսարանների եվրոպացի աշխատակիցներին, եւ կանխել մեր երկրից ուղեղների եւ տաղանդների կործանարար արտահոսքին»,-լրագրողներին ասել է կոմիտեի ղեկավար Նիլ Քարմայքլը՝ զեկույց ներկայացնելով բարձրագույն կրթության համար Brexit-ի հնարավոր հետեւանքների մասին:
Բրիտանական համալսարանների յուրաքանչյուր վեցերորդ աշխատակիցը Եվրամիության երկրների քաղաքացի է:
Զեկույցում ընդգծվում է, որ Միացյալ Թագավարությունում բրիտանական բարձրագույն կրթության սեկտորը գնահատվում է տարեկան 73 մլրդ ֆունտ ստեռլինգ եւ 750 հազար աշխատատեղ է ապահովում:
Ներկայում բրիտանական համալսարաններում սովորում են Եվրամիության երկրների 127 հազար ուսանողներ, եւ խորհրդարանականները հորդորել են՝ նրանց համար շատ չխստացնել միգրացիոն կանոնները, որովհետեւ դա կարող է հանգեցնել այն բանին, որ մարդիկ կկորցնեն Մեծ Բրիտանիայում սովորելու համար դիմումներ ներկայացնելու ցանկությունը:
«Պետք է լինի այնպիսի մի համակարգ, որը շատ մոտ կլինի ուղեւորությունների ազատությանը»,-ընդգծվում է զեկույցում:
Նաեւ կոմիտեն հորդորել է՝ օտարերկրյա ուսանողներին չընդգրկել միգրանտների թվում եւ միգրացիայի մակարդակի նվազեցման նպատակային ցուցանիշներում:
Զեկույցի պատրաստման ընթացքում խորհրդարանականների հետ զրուցածների թվում եղել է Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչը, ով հայտնել է, որ վերջին ժամանակներս եվրոպացի ուսանողներից ուսումնառության դիմումների թվաքանակը կրճատվել է 14 տոկոսով: Նա նաեւ նշել է, որ Brexit-ը կարող է համալսարանը զրկել, այդ թվում, Արեւելյան Եվրոպայից եկած տաղանդավոր մաթեմատիկոսներից, որոնք կնախընտրեն աշխատել այլ երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: