Քայլելն ուղեղի համար օգտակար է


Քայլելն ուղեղի համար օգտակար է
Ապրիլ 25 15:32 2017

Լաս Վեգասի Նյու Մեխիկո Հայլենդս համալսարանի գիտնականները քայլելու նոր օգտակար հատկություն են հայտնաբերել: Պարզվել է, որ քայլելը նպաստում է դեպի գլխուղեղ արյան հոսքին, որն իր հերթին բարելավում է հիշողությունը եւ մարդու ճանաչողական ունակությունները: Գիտնականների աշխատանքը ներկայացվել է Չիկագոյում կայացած Ամերիկյան ֆիզիկական միության (American Physical Society) ամենամյա համագումարում: Զեկույցից քաղվածքներ են հրապարակվել Eurekalert պորտալում:

Հետազոտության ընթացքում հայտնաբերվել է, որ քայլելիս ոտնաթաթի հարվածը զարկերակների միջոցով ալիքներ է ուղարկում, որոնք զգալիորեն փոխում են եւ մեծացնում ուղեղին արյան մատակարարումը:

Ըստ որում՝ այս էֆեկտը քայլելիս ավելի քիչ է դրսեւորվում, քան վազելիս, սակայն զգալիորեն ավելի ուժեղ է արտահայտված, քան հեծանիվ վարելիս, պնդում են գիտնականները:

Գիտնականները նման եզրակացությունների են հանգել 12 առողջ երիտասարդներին հետեւելու արդյունքում: Հետազոտության մասնակիցները, լինելով ուղղահայաց դիրքում, մշտական արագությամբ տեղաշարժվել են վայրկյանում մոտ մեկ մետր, իսկ գիտնականներն ուլտրաձայնի միջոցով հետեւել են ուղեղին արյան մատակարարմանը:

«Զարմանալին այն է, որ այսքան շատ ժամանակ է պահանջվել, որպեսզի վերջապես չափենք գլխուղեղի արյան շրջանառության վրա այս ակնհայտ հիդրավլիկ էֆեկտները»,- նշել է հետազոտության հեղինակ Էռնեստ Գրինը: