Ներշնչանքն օգնում է հաղթահարել հոգնածությունը


Ներշնչանքն օգնում է հաղթահարել հոգնածությունը
Հունվար 17 19:43 2017

Եթե դուք հաճախ օրվա ընթացքում հոգնածություն եք զգում, քիչ քնելու պատճառով, ապա այս նորությունը ձեզ համար կարող է օգտակար լինել: Պարզապես ինքներդ ձեզ և բոլորին հավաստիացրեք, որ շատ լավ եք քնել, և այդ զգացողությունն անմիջապես կանհետանա: Այս երևույթը կոչվում է պլացեբո կամ «կեղծ» քուն, որի ժամանակ մարդիկ երևակայում են, որ գիշերը շատ խորը քուն են մտել, սակայն իրականում այդպես չի եղել:

ԱՄՆ-ի Կոլորադո քոլեջի հետազոտողները մի հնարք էին մշակել և ասել էին ուսանողներին, որ կա նոր տեխնիկա (այն իրականում գոյություն չունի), որը կարող է չափել այդ գիշեր նրանց քնի որակը:

Այս ուսանողներին ամրացրել են հատուկ սարքեր, որոնք ցույց են տվել ուղեղի ալիքների հաճախականությունը, ինչպես նաև այդ սարքի վրա երևացել են ինչ-որ աղյուսակներ և բանաձևեր: Այս ուսանողների մի խմբին, իբրև թե ըստ սարքի ցույց տված տվյալների, ասել են, որ այդ գիշեր նրանց քնի որակը եղել է միջինից բարձր, իսկ մյուս խմբին էլ ասել են, որ այն եղել է միջինից ցածր: Այս ամենից հետո ուսանողներին տվել են թեստ, որի արդյունքում առաջին խումբը բավական լավ ցուցանիշներ է գրանցել, իսկ երկրորդը՝ ոչ:

Այս հետազոտության նպատակն էր ևս մեկ անգամ ապացուցել մարդկանց առողջության համար ինքնաներշնչանքի կարևորությունը: