Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության մասին Թրամփի հայտարարությանը


Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության մասին Թրամփի հայտարարությանը
Ապրիլ 25 10:18 2017

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությանը:

Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատելով ԱՄՆ նախագահի տարածած հաղորդագրությունը ՝ միաժամանակ այն որակել է «սուբյեկտիվ» ու «ապատեղեկատվության արդյունք»:

«Մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփը կխոսի երկու կողմերի կորուստների մասին», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Թուրքական գեարտեսչության կարծիքով՝ նման հաղորդագրությունները կարող են փոխադարձ ատելության պատճառ դառնալ երկու ժողովուրդների միջև:

Թրամփն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը»: