Ինչ գործունեություն է ծավալում «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամը, եւ ինչ տարաձայնություններ է ունեցել «Սասնա Ծռեր» խմբի հետ


Ինչ գործունեություն է ծավալում «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամը, եւ ինչ տարաձայնություններ է ունեցել «Սասնա Ծռեր» խմբի հետ
Հունվար 17 19:15 2017

Շուրջ վեց ամիս է Հայաստանում գործում է «Ազատություն եւ հայրենիք» բարեգործակական հիմնադրամը, որի նպատակն է աջակցել Հայաստանում գտնվող քաղբանտրակյալներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Armday.am-ի հետ զրույցում հիմնադրամի աջակիցներից Հայկ Կոստանյանը նշեց, որ հիմնադրամը այդ անձանց եւ ընտանիքներին աջակցում է ոչ միայն ֆինանսապես, այլ նաեւ իրավական հարցերում եւ բժշկական միջամտության հարցերում։ «Այսինքն անդըհատ կապ ենք պաշտպանում ընտանիքի անդամների հետ, այս կամ այն խնդիրը լուծելու համար»,- ասաց Կոստանյանը, հավելելով, որ հիմնադրամ ստեղծելու գաղափարը եղել է ՀՀ կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆելիքս Հայրապետյանինը, ով հիմնադրամի հիմնադիրն է։ «Ունենք յոթ հոգաբարձու, Արուսյակ Հայրապետյանը (Շվեյցարիա), Սահակ Միքայելյանը (ԱՄՆ), Կարեն Աթայանը, շվեցարացի կոմպոզիտոր Ալեքսանդր ֆոն Բրինքենը, լրագրող Թեհիմե Ենոքյանը, երգիչ երգահան Եղիշե Պետրոսյանը և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բայանդուր Պողոսյանը» ,- կազմը ներկայացրեց Հայկ Կոստանյանը։

Վերջինս նշեց, թե հիմնադրամ ստեղծելու պահին ոգեւորված լինելով «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների գործողությունից, նրանք հիմնադրամի անունը կոչել են «Սասնա Ծռեր»։ Հետագայում սակայն որոշ նկատառումներով փոխել են անունը։ Մասնավորապես հիմնադրամի անդամների եւ խմբի անդամների միջեւ առաջացել են որոշակի տարաձայնություններ, որից հետո փոխել են անունը և հիմնադրամը հիմա կոչվում է «Ազատություն և Հայրենիք»։

Նա նշեց, որ հիմնադրամը նախորդ տարեվերջին Սահակ Միքայելյանի նախաձեռնությամբ Ամերիկայում կազմակերպել էր դրամահավաք- հեռուստամարաթոն, որի ժամանակ հավաքվել է տասը հազար դոլար։ «Նոյեմբեր ամսին կազմակերպել էինք մարաթոն, որի ժամանակ հավաքված գումարը բաժանեցինք 71 շահառուների մեջ, որոնցից 30-ը «Սասնա Ծռեր» խմբի անդամներն էին, մնացած 30-ը՝ Շանթ եւ ընկերներ խմբի անդամներն էին, Վոլոդյա Ավետիսյան, Գեւորգ Սաֆարյան, ինչպես նաեւ Սարի թաղից եւ Խորենացի փողոցից բերման ենթարկված քաղաքացիներն են։ Նրանց միջեւ բաշխեցինք այդ գումարը»,- ասաց Կոստանյանը, հավելելով, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներից մի քանիսը միայն հետագայում հրաժարվել են այդ օգնությունից։ Այս պահին հիմնադրամը զբաղվում է մնացածների խնդիրներով։

Գործունեության 6 ամիսների ընթացքում Հիմնադրամը գումարային օժանդակություն է ցուցաբերել 62 քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների ընտանիքների, որոնցից 27-ը, որպես առավել կարիքավորներ (անչափահաս երեխաների, հիվանդ ծնողների առկայություն, առողջական լուրջ խնդիրներ) օժանդակություն են ստացել կրկնակի կամ եռակի անգամ:
Մուծվել են 1.000.000-ական ՀՀ դրամ որպես գրավ Մարտին Վարդանյանի եւ Սարո Այվազյանի կալանքը որպես խափանման միջոց փոխարինելու համար:
2016 թ. հոկտեմբերի 29-ին Հիմնադրամը կազմակերպել է «Ազատություն» բարեգործական համերգը: 2016 թ. դեկտեմբերի 24-ին Հիմնադրամը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպել է Շանթ Հարությունյանի «Արժեքների Հեղափոխություն» գրքի եւ Եղիշե Պետրոսյանի «Հաց Բերողը» տեսա-ձայնասկավառակի շնորհանդես-վաճառք: Այս նախաձեռնություններից գոյացած ողջ հասույթը տրամադրվել է հիմնադրամի շահառուներին:
Հիմնադրամն Արթուր Սարգսյանի («Հաց Բերողը») խափանման ձեւի փոփոխման պահանջով գրություններ, դիմումներ եւ հարցումներ է ուղղել ՀՀ իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շիրինյանին, ներկայացնելով Արթուր Սարգսյանի կալանքի տակ գտնվելու փաստի հակասությունները ՀՀ օրենսդրության եւ միջազգային իրավունքի հետ: Մասնավորապես, Վահրամ Շիրինյանին ուղղված դիմումի մեջ նշվել էր միջգերատեսչական բժշկական հանձնաժողով հրավիրելու, Արթուր Սարգսյանի առողջական վիճակի գնահատման եւ այդ հիմքով նրա խափանման ձեւը փոխելու անհրաժեշտության մասին՝ գործընթաց, որը բերեց նրան, որ Արթուր Սարգսյանը ներկայումս կալանքի տակ չի եւ կարող է ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն: Հիմնադրամը գրություններ է ուղղել նաեւ ՀՀ Գլխավոր դատախազություն եւ Արդարադատության նախարարություն՝ կապված Ներսես Պողոսյանի կալանքի երկարեցման որոշման օրենքով հիմնավորված չլինելու հետ: ՀՀ Գլխավոր դատախազությունը Հիմնադրամի գրությանը դեռ չի պատասխանել, բայց Հիմնադրամն ունի նման իրավիճակների հետ կապված կոնկրետ գործընթաց, որին հետեւելով հույս ունի հասնել Ներսես Պողոսյանի խափանման ձեւի փոփոխությանը, ինչը հնարավորություն կտա նրան մինչեւ իր գործով դատական նիստը գտնվել իր ընտանիքի կողքին:
«Ազատություն եւ Հայրենիք» բարեգործական հիմնադրամը, բացի վերեւում նշված գործունեությունից, ձգտել է իր հնարավորությունների սահմաններում կապ պահպանել ՀՀ քաղբանտարկյալների ու քաղհալածյալների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների հետ, հաստատել կապ նրանց եւ իրավապաշտպանների միջեւ, ինչպես նաեւ տրամադրել անվճար խորհրդատվական ծառայություններ:
Հիմնադրամը նաեւ աջակցել է միջազգային իրավունքի ատյաններում Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների առկայության փաստին՝ գործունեություն, որը պետք է խիստ ընդլայնվի եկող 2017 թվականին:

Փայլակ Ֆահրադյան



loading...