Ուկրաինական հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանությանը 102-րդ տարելիցին նվիրված սոցիալական հոլովակ է ցուցադրվել


Ուկրաինական հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանությանը 102-րդ տարելիցին նվիրված սոցիալական հոլովակ է ցուցադրվել
Ապրիլ 24 19:27 2017

Ուկրաինայի տարբեր շրջաններում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ավելի քան 40 միջոցառումներ են կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները սկսվել են դեռևս ապրիլի 17-ին` Ուկրաինայում հայերի միության և Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած համատեղ ծառատ ունկով:
Իսկ ապրիլի 24-ին Ուկրաինայի տարբեր շրջաններում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ֆլեշ-մոբեր, հիշատակի երեկոներ, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, ծաղիկների խոնարհման արարողություններ և այլ միջոցառումներ են կազմակերպվել:
Բացի այդ, Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Կիևում հոգեհանգստյան կարգը իրականացրել է Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հոգեհանգստի կարգին մասնակցություն են ունեցել ուղղափառ, կաթոլիկ և այլ եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկա է գտնվել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Ապրիլի 24-ին նաև Ուկրաինայի տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվել է սոցիալական տեսահոլովակ` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: