Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև բողոքի ցույց է կայացել


Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև բողոքի ցույց է կայացել
Ապրիլ 24 18:55 2017

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ապրիլի 24-ին կայացել է բողոքի ցույց: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջում էին ճանաչել իր իսկ կատարած հանցագործությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վրաստանի հայ համայնք»-ից՝ հավելելով. «Ցույցի մասնակիցներն արտահայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ և կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաև կոչ արեցին Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը:
2017 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում, պետական մակարդակով ծրագրված հայ ազգի իր իսկ պատմական հայրենիքում ոչնչացման- Ցեղասպանության 102-րդ տարելիցը:
1915-1923թ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող թուրքական պետության կողմից»: