Սլովակիայում Հայոց ցեղասպանության տարելիցի արարողությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ


Սլովակիայում Հայոց ցեղասպանության տարելիցի արարողությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ
Ապրիլ 24 22:37 2017

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, Դանուբ գետի ափին տեղադրված հայկական խաչքարի մոտ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի առջև ծաղկեպսակներ զետեղեցին Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոն, փոխխոսնակ Բելա Բուգարը, Տռնավայի նահանգապետ Տիբոր Միկուշը, Հայաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի և Ռուսաստանի դեսպանները։ Արարողությանը ներկա էին Սլովակիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Արարողությանը ելույթ ունեցան խորհրդարանի խոսնակ Անդրեյ Դանկոն և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավայրը՝ Պրահա)։
Դեսպան Սեյրանյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստը հնարավորություն է ստեղծել, որ դրանից հետո ևս տեղի ունենան մարդկության դեմ նոր հանցագործություններ։ Դեսպանը նաև անդրադարձավ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտողականության քրեականցման գործընթացին՝ նշելով, որ շատ երկրների համար դա կարող է լավագույն օրինակ ծառայել»։