Ադրբեջանում նախորդ տարվա ընթացքում ռազմական ծախսերի զգալի կրճատում է տեղի ունեցել


Ադրբեջանում նախորդ տարվա ընթացքում ռազմական ծախսերի զգալի կրճատում է տեղի ունեցել
Ապրիլ 24 21:07 2017

Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է աշխարհի տարբեր պետություններում ռազմական ծախսերի մասին տարեկան զեկույց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ 2016 թվականն ամփոփող զեկույցի, նախորդ տարի ամբողջ աշխարհում պետությունների ռազմական ծախսերը կազմել են մոտ 1.686 տրիլիոն դոլար: Փորձագետները պարզել են, որ մի շարք երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում ռազմական ծախսերը նախորդ տարիների համեմատ աճել են: Ռազմական ծախսերը նաև աճել են Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, ինչն, ըստ փորձագետների գնահատականների, պայմանավորված է ահաբեկչության սպառնալիքներով:
Միաժամանակ, զեկույցից պարզ է դառնում, որ նավթային հումք արտահանող երկրները զգալիորեն կրճատել են իրենց ռազմական ծախսերը:
«2016 թվականին արձանագրված ռազմական ծախսերի լայնածավալ կրճատումներ են տեղի ունեցել Վենեսուելայում՝ 56 %, Հարավային Սուդանում՝ 54 %, Ադրբեջանում՝ 36 %, Իրաքում՝ 36% և Սաուդյան Արաբիայում` 30%, ինչը պայմանավորված է նավթի վաճառքից ստացվող ցածր եկամուտներով»,- նշված է զեկույցում:



loading...