Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Շվեդիայում


Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Շվեդիայում
Ապրիլ 24 19:24 2017

Ապրիլի 23-ին Ստոկհոլմում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայերի կյանք փրկած շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի շիրիմի մոտ ծաղկեպսակի զետեղման արարողություն, որին նախորդել էր ավանդական ուխտագնացությունը:

ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ արարողությունից հետո Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրերի կողմից կատարվել է հոգեհանգստյան աղոթք։ Միջոցառմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչներ։ Նույն օրը Ստոկհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Հումլեգորդենում կայացել է հանրահավաք, որի մասնակիցներն այնուհետև քայլարշավ են կատարել դեպի Թուրքիայի դեսպանություն։

Երեկոյան Ստոկհոլմի Սոդերմալմի Հոգալիդ եկեղեցում մատուցվել է Բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Հիշատակի արարողությանը մասնակցել և ելույթներ են ունեցել ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Անդերշ Օստերբերգը (իշխող Սոցիալ դեմոկրատներ կուսակցություն), Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալ կուսակցություն) և Յենս Հոլմը (Ձախ կուսակցություն)։

Միջոցառմանը ելույթներ են ունեցել նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների հոգևոր այրեր, Շվեդիայում ասորական համադրող կենտրոնի ներկայացուցիչը։

Մասնակիցներին ուղղված իր խոսքում Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը, ինչպես նաև Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Նշելով, որ անպատժելիությունը ստեղծում է նորանոր չարիքներ, նա ընդգծել է, որ քաղաքական գործիչները պետք է հստակ գնահատականներ տան մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումներին, առավել ևս մարդկության դեմ հանցագործություններին, լինի դա ներկայում, թե անցյալում։ Ապրիլի 22-ին Սոդերթելյե քաղաքում Շվեդիայի ՀՅԴ երիտասարդական միության «Սարդարապատ» մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո, որի հիմնական բանախոսն էր ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Արշակ Մանուկյանը։