Սա սպառնալիք է՝ ուղղված բոլորիս. Վահագն Չախալյանը՝ Վրաստանում հայ պատգամավորի մեքենաների հրկիզման մասին


Սա սպառնալիք է՝ ուղղված բոլորիս. Վահագն Չախալյանը՝ Վրաստանում հայ պատգամավորի մեքենաների հրկիզման մասին
Ապրիլ 23 22:32 2017

Երեկ Ախալքալաքում հրկիզել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող երկու մեքենաները: Պատգամավորը, մեկնաբանելով դեպքը, ասել է, որ այն կենցաղային բնույթ չունի եւ առնչվում է իր քաղաքական գործունեությանը: Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը հայտարարություն է արել՝ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի մեքենաների միտումնավոր հրկիզման առթիվ.

Ուրիշի գույքը միտումնավոր այրելը հանցավոր և մտահոգիչ արարք է, կրկնակի մտահոգիչ է և մտորելու տեղիք է տալիս, երբ այդ ուրիշը քաղաքական գործիչ է, իսկ երբ այդ ուրիշն ազգային փոքրամասնությամբ համախումբ բնակեցված տարածքից ներկայացուցիչ է պետության Ազգային Ժողովում, այս քայլը և՛ հանցավոր, և՛ մտահոգիչ, և՛ մտորելու տեղիք տվող արարքից զատ, անհանգստացնող և իր մեջ սադրանքի բաղադրիչներ պարունակող սպառնալիք է: Սպառնալիք՝ մեզ բոլորիս համար, մարտահրավեր տարածաշրջանի կայունությամբ մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու համար…

Գրեթե պարզ է, ինչ որ մեկին դուր չի գալիս մեր տարածաշրջանի անդորրությունն ու խաղաղությունը, և ինչ որ մեկը ջանում է խաթարել այն…

Գիտակցելով այս ամենը , անհրաժեշտություն է զգացվում, որպեսզի

1.Պատկան մարմինները գործեն ավելի վճռական, լինեն ավելի օպերատիվ և ժամ առաջ բացահայտեն իրական հանցավորներին, քանզի այս քայլը ոչ մի դեպքում հնարավոր չէ դիտարկել կենցաղային հողի վրա ուրիշի գույքը փչացնել ցանկանալու դեպք: Սա ավելի շատ նման է սադրանքի, սադրանք` ուղղված Վրաստան պետության դեմ, սադրանք՝ որը գուցեեւ նպատակ է հետապնդում մեր տարածաշրջանը ապակայունացնելու:

2. Մեր համաքաղաքացիները լինեն համբերատար և զգույշ, ցուցաբերեն առավելագույն զգոնություն, չտրվելով որևիցէ մի սադրանքի:

Մի բան պարզ է և հստակ , որ մեր տարածաշրջանի կայունությունը, և օր-օրի կարգավորվող և ամրապնդվող հայ-վրացական հարաբերությունները որոշ ուժերի դուր չեն գալիս…
Այսօր թուրքական ներթափանցման պայմաններում, տարածաշրջանի ապակայունացումը մեծագույն վտանգ է, անընդունելի է ու դատապարտելի:

Վահագն Չախալյան 23.04.17 թ.