Գիտեիր, որ կրակի հետ ես խաղում, բայց ի հեճուկս ամենի՝ վճռական էիր. Հասան Ջեմալի՝ Դինքի մահվան 10-րդ տարելիցի առիթով հրապարակած հոդվածը


Գիտեիր, որ կրակի հետ ես խաղում, բայց ի հեճուկս ամենի՝ վճռական էիր. Հասան Ջեմալի՝ Դինքի մահվան 10-րդ տարելիցի առիթով հրապարակած հոդվածը
Հունվար 17 16:34 2017

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, թուրքական T24 լրատվական կայքի իր սյունակում հոդված է հրապարակել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ:

Դիմելով իր հին ընկերոջը՝ Դինքին, Հասան Ջեմալը նշել է, որ նրա մահից հետո Թուրքիայում անօրենություններն ու ժողովրդի ապրած ցավերը ոչ միայն չեն դադարել, այլև Դինքին սիրող ու նրա արժեքները կրող բազմաթիվ լրագրողներ այժմ անցնում են ամենաբարդ ժամանակների միջով:

Ստորև ներկայացնում ենք Հասան Ջեմալի հոդվածը՝ որոշակի կրճատումներով.


«Սիրելի եղբայրս...

10 տարի անցավ…

Սուրբ Ծննդյան տոնին՝ հունվարի 6-ին, գնացինք Սուրբ Մարիայի եկեղեցի, մասնակցեցինք պատարագի: Փոքրիկ երեխաների՝ դաշնամուրի նվագակցությամբ երգած շարականները շատ գեղեցիկ էին և նույնչափ խաղաղությամբ լի:

Հետո բոլորս միասին Բանսամյան վարժարանում տոնական ճաշի մասնակցեցինք:

Մի երիտասարդ դուդուկ նվագեց, մի կին էլ «Սարի աղջիկ»-ը երգեց («Սարի աղջիկ» երգը Հրանտ Դինքի ամենասիրելի երգերից մեկն էր-Tert.am):

Մեր աչքերն արցունքով լցվեցին:

Տեսանկարահանեցի, ուղարկեցի սիրելի Ռաքելին (Հրանտ Դինքի կինը- tert.am):

Կրկին դժվար ժամանակներ ենք ապրում:

Հոգիս այնքան լցված է խնդիրներով...

Քո կողմից սիրված ու քեզ սիրող բազմաթիվ մարդիկ կամ բանտում են, կամ վտարված:

Այնպիսի մի Սահմանադրություն է գալիս, որ եթե հանրաքվեով հաստատվի՝ մեկ անձ ինքն իրենով (նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին- tert.am) կկարողանա իշխանության բոլոր լծակներն իր ձեռքն առնելով նստել մեր գլխին:

Խեղդվում է խոսքի ազատությունը, բանտերը լցվում են, քրդերը սատանայի կերպարանքի տակ են ներկայացվում, ցեղասպանության մասին խոսելը կրկին տաբույացվում է:

Կարո Փայլանի՝ Մեջլիսի ամբիոնից ունեցած ելույթը, որի ընթացքում կիրառեց նաև ցեղասպանություն բառը, մեծ իրարանցում առաջացրեց:

Սիրելի Կարոն, որը խայտառակություն էր անվանել այս նոր Սահմանադրությունը (նկատի ունի խորհրդարան ներկայացված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը-Tert.am) և պահանջում էր հրաժարվել այդ սահմանադրական փոփոխություններից, «բազմազանությունը կորցրինք ցեղասպանությունների և կոտորածների պատճառով» ասելուց հետո ենթարկվեց պատժի՝ զրկվելով առաջիկա 3 նիստին մասնակցելու իրավունքից: Նրա ելույթը նիստի արձանագրությունից ջնջվեց:

Հունվարի 19-ին քեզ սիրողները ժողովրդավարության, օրենքի գերակայության, եղբայրության և ազատության կողմնակիցների հետ կրկին հավաքվելու են «Ակօսի» դիմաց:

Մի ժամանակ դու էլ, երբ դիպչում էիր պատմության էջերին, գիտեիր, որ կրակի հետ ես խաղում:

Իհարկե, դու գիտեիր, որ այս երկրում պատմությանը դիպչելը, ստի մեջ ապրել չցանկանալը, մարդկային ուղեղի ազատագրման համար պայքարելը շատ չարագուշակ ու վտանգավոր է:

Սակայն ի հեճուկս ամենի՝ քարերն իրենց տեղից շարժելու հարցում դու վճռական էիր, քանի որ կասկած չունեիր, որ այս երկրում մարդկանց ուղեղները մի գեղեցիկ օր կազատագրվեն և որ ի վերջո այս հողերը կկշտանան ողբերգություններից:

Դու մինչև վերջ ջանք չխնայեցիր մեր առաջ բացահայտելու պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը:

Մի՛ անհանգստացիր, սիրելի՛ եղբայր:

Մենք էլ քո պես մինչև վերջ վճռական ենք քարերը տեղից շարժելու հարցում»: