Մոսկվան կփորձի լուծել ԼՂ այցելության համար Մինսկում ձերբակալված բլոգեր Լապշինի հարցը. Լավրով


Մոսկվան կփորձի լուծել ԼՂ այցելության համար Մինսկում ձերբակալված բլոգեր Լապշինի հարցը. Լավրով
Հունվար 17 15:40 2017

Մոսկվան կփորձի լուծել Լեռնային Ղարաբաղ այցելության, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար ձերբակալված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է sputnik.by-ն:

Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դեմ է լրագրողների կամ այլ անձանց կողմից տարբեր տարածքներ այցելության քրեականացմանը: Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան դեմ է երրորդ երկիր այս կամ այն պետությունում ձերբակալված ռուսների արտահանձնմանը:

«Մենք հյուպատոսական մակարդակով կապ ենք ունեցել պարոն Լապշինի հետ: Գիտենք, որ նա նաև Իսրայելի քաղաքացի է: Կձեռնարկենք բոլոր քայլերն այդ իրավիճակը լուծելու համար»,- հայտնել է ՌԴ արտգործնախարարը:

Նախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսի հետ, որտեղ այժմ գտնվում է Լապշինը, Միութենական պետություն է, որի շրջանակներում երկու երկրների իրավունքները բոլոր ոլորտներում առանց բացառության հավասարեցված են:

«Եվ մեր ներկայիս ջանքերի գործադրման նման ոլորտներից մեկը միասնական վիզային տարածքի և միգրացիոն տարածքի չափորոշիչների համաձայնեցումն է: Դա պահանջում է, ի թիվս այլ հարցերի, անցանկալի անձանց միասնական ցուցակների որոշում: Բայդ դա նաև պահանջում է արտահանձնման ոլորտում միասնական քաղաքականություն»,- ասել է Լավրովը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչներն աշխատում են բլոգերի ձերբակալության հարցի ուղղությամբ նաև իսրայելցի գործընկերների հետ:



loading...