Ծառուկյանի հայտարարությանը սպասելով


Ծառուկյանի հայտարարությանը սպասելով
Հունվար 17 13:29 2017

Մամուլի հրապարակումների համաձայն՝ այսօր Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ քաղաքականություն վերադառնալու մասին։ Հայտարարությունից հետո Ծառուկյանին սատարող ԲՀԿ-ն և այլ աջակից գործիչներ կսկսեն աշխատել նրա գլխավորած ցուցակի վրա։

Հրապարակ թերթն էլ նույնիսկ հստակ ժամի մասին տեղեկություններ ունի: Ըստ թերթի՝ այսօր՝ ժամը 13․30-ին, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ։

Տարածված տեղեկությունները ճշտելու համար Armday.am-ը փորձեց կապ հաստատել Գագիկ Ծառույանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց հեռախոսազանգերին: ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի՝ խորհուրդ տալով զանգահարել Ծառուկյանի մամուլի խոսնակին:

Հեռախոսանգերին չեն պատասխանում նաև մյուս ԲՀԿ-ականները՝ մասնավորապես Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ Միքայել Մելքումյանն էլ նշեց, թե զբաղված է, քննարկման է մասնակցում:

Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերին ինքը կպատասխանի միայն այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություն կանի:

Նա կարծիք էր հայտնել, որ եկող շաբաթն այն ռացիոնալ ժամկետն է, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը վերջնականապես կհստակեցնի առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափը:

Այս փուլում բոլոր ԲՀԿ-ականները սպասում են Ծառուկյանի հայտարարությանը, որից հետո միայն կհայտարարեն հստակ առաջիկա ընտրություններին իրենց մասնակցության հարցը:



loading...