Ամեն ինչ արեցի Էրդողանի հրամանով. Դինքի սպանության մեջ կասկածվողի աղմկահարույց հայտարարությունը


Ամեն ինչ արեցի Էրդողանի հրամանով. Դինքի սպանության մեջ կասկածվողի աղմկահարույց հայտարարությունը
Հունվար 17 12:56 2017

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվողներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերն աղմկահարույց հայտարարություն է արել՝ նշելով, որ իր պաշտոնավարման շրջանում նա ոչ մի քայլ չի կատարել առանց այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնեցնելու:

Ըստ «Ակօս»-ի՝ Յըլմազերը այդ գործով դատական 10-րդ նիստի ընթացքում հայտարարել է, որ ամեն ինչ արել է Էրդողանի հրամանով:

«Էրգենեկոնի» վերաբերյալ բոլոր հրամաններն անձամբ Էրդողանից եմ ստացել»,- նշել է կասկածվողը:

Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի պետ` անձամբ Էրդողանի կողմից նշանակված Յըլմազերը հայտարարել է, որ Հրանտ Դինքին պետք էր պաշտպանել այնպես, ինչպես հիմա Օրհան Փամուքին:

«Բոլորն էլ գիտեն` վախի մթնոլորտը սկսվել է Ստամբուլում: Այս ամենը մեզ հետ կապ չունի, Ստամբուլի ոստիկանության գործն էր: Նայեք Օրհան Փամուքի (Նոբելյան մրցանակակիր գրող) գործին, հետաքննության զեկույցները կապված են Ստամբուլի ոստիկանության հետ: Ինձ հետ ի՞նչ կապ ունի: Ինչպես որ Օրհան Փամուքն է պաշտպանության տակ վերցվել, այնպես էլ Դինքը պետք է պաշտպանվեր», - ասել է նա:

Նշենք, որ այժմ Յըլմազերը կասկածվում է Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Գյուլենական շարժման անդամ լինելու մեջ և ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած հետաքննության շրջանակներում:



loading...