Ինչպե՞ս ճիշտ օգտվել օծանելիքից


Ինչպե՞ս ճիշտ օգտվել օծանելիքից
Ապրիլ 21 22:44 2017

Նվերնե՞ր, նոր բույրով կյանքում նոր զգացողությունների կամ գայթակղելու ցանկությու՞ն, կամ ա՞յլ թաքուն մտադրություններ, որ կարող է ունենալ միայն կինը... Օծանելիքն, անշուշտ, կնոջ զինանոցի անհրաժեշտ մասն է, որն ընդգծում է նրա հմայքն ու անհատականությունը, որը մշտապես արբեցնում է և առաջացնում հաճելի գլխապտույտ, իսկ երբեմն էլ... գլխապտույտ,-փոխանցում է erkusov.am-ը:

Ինչպե՞ս ճիշտ օգտվել օծանելիքից

Այնպես որ, սիրելի՛ կանայք, գլխավորը առատորեն օծվելը չէ. օծանելիքի ճիշտ ընտրությունից պակաս կարևոր չէ դրա ճիշտ գործածումը: Եթե ցանկանում եք, որ օծանելիքը թողնի միայն հաճելի տպավորություն և երկար ժամանակ պահպանի բուրմունքը, ապա անհրաժեշտ է իմանալ դրանց բույրային գաղտնիքները:

Օծանելիք գործածելիս պետք է նկատի ունենալ նաև մաշկի տեսակը, քանի որ չոր մաշկն ավելի քիչ է պահպանում բուրմունքը, քան յուղոտ մաշկը:

Կարիք չկա օծանելիքը գործածել անմիջապես լողանալուց հետո. մաշկի ծակոտիներն այդ պահին լայնացած են, ուստի մաշկը կարող է գրգռվել և կարմրել:

Որքան էլ մեծ է ծաղկի նման ոտքից գլուխ բուրելու ցանկությունը, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ մազերի վրա մշտապես օծանելիք ցանելու դեպքում նրա մեջ պարունակվող սպիրտը ջրազրկում է մազերը: Այնպես որ, լավ է նախապատվությունը տալ մաքուր, քան շռայլորեն օծված մազերին: Ամեն դեպքում, մաքուր մազերը հրաշալի պահպանում են բուրմունքը:

Համեմունքները, սոխը, սխտորը մաշկի ծակոտիների միջով արձակում են իրենց հոտը նույնիսկ ուտելու հաջորդ օրը, ուստի գործածված օծանելիքը, խառնվելով այդ հոտին, կարող է փոխել իր բույրը և տալ ոչ ցանկալի արդյունք:

Քրտինքն ուժեղացնում է օծանելիքի բուրմունքը, հետևաբար օծանելիքը հնարավորինս քիչ պետք է գործածել, եթե շոգելու հավանականություն կա:

Պետք է նկատի ունենալ, որ հղիությունը, հակաբեղմնավորիչ հաբերը, ինչպես նաև դաշտանային ցիկլը փոխում են քրտինքի քիմիական բաղադրությունը, որի հետևանքով գործածած օծանելիքը կարող է բուրմունքի տհաճ երանգներ ձեռք բերել` չբուրել իրեն հատուկ բույրով: