Թուրքիայում Կարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել. թուրքերը պահանջում են զրկել նրան մանդատից ու քաղաքացիությունից


Թուրքիայում Կարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել. թուրքերը պահանջում են զրկել նրան մանդատից ու քաղաքացիությունից
Հունվար 17 12:31 2017

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել Էդիրնեի արդարադատության պալատ, գրում է թուրքական «Բեյազ» պարբերականը:

Փայլանի դեմ հայց ներկայացնողը թուրքական «Մեծ միություն» կուսակցության Էդիրնեի մասնաճյուղի ղեկավար Արիֆ Քյորօղլուն է, որը հայազգի պատգամավորին մեղադրում է ժողովրդի շրջանում քեն և ատելություն տարածելու համար:

«Թող թուրք ժողովուրդն իմանա, որ մեծ ազգի կողմից չիրականացվածն իրականության քողի տակ ներկայացնել փորձող այս անձին ոչ միայն պատգամավորական մանդատից, այլև քաղաքացիությունից կզրկենք»,- հայտարարել է Քյորօղլուն:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:

«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով: Փայլանին քննադատել են նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները:



loading...